ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Կինոն հզոր զենք է, որը պետք է ճիշտ օգտագործել»

«Կինոն հզոր զենք է, որը պետք է ճիշտ օգտագործել»
08.04.2024 | 21:57

Հ.Գ.

Ինչու՞ է «Հ.Գ.»-ն վերջաբանի փոխարեն հայտնվել առաջաբանում:
Որովհետև ՆԱՏԱԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ` irates.am կայքում այսօր
(08.04.2024 թ.) հրապարակված` «Յուրի Երզնկյանի վարպետաց դասեր». խոսում են մեծանուն կինեռեժիսորի սաները» ինֆորմացիան, իսկական անակնկալ էր, որը «ժամանակի մեքենայով», իմա` հիշողությամբ, ինձ անսպասելի տեղափոխեց ոչ այնքան հեռավոր անցյալ: Ե՞վ…
…և շնորհիվ Ազգային գրադարանի, հնարավորություն ընձեռեց թերթելու «Երեկոյան Երևանի» թվայնացված տարբերակը:
«Հետո՞ ինչ,- թերևս, կհնչի տեղին հարցադրումը:
«Հետո» ա՛յն, որ ընթերցողին առաջարկվող զրույցը հրապարակվել է 1996-ին, «Երեկոյան Երևանի» շաբաթօրյա` հունիսի 8-ի համարում:
Զրուցակիցս ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, կինոռեժիսոր,
ՀՀ կինոգործիչների ասոցիացիայի այն ժամանակվա նախագահ ՅՈՒՐԻ ԵՐԶՆԿՅԱՆՆ է:

Ա՜Յ ՔԵԶ ՃԱԿԱՏԱԳԻՐ
Նրա պապը՝ Հաղպատի քահանա Տեր-Հարությունը (ամբողջ կյանքում փորձեց հաշտության եզրեր գտնել Նոր կտակարանի ու մարքսիզմի միջև, անգամ նամակ գրեց Մարքսին) և տատը` Կատինկան (ժամանակի ճանաչված կուսակցականներից) չորս որդի լույս աշխարհ բերեցին. Հմայակ, Արշավիր, Արիստակես, Արամայիս:
Բոլորն էլ մարքսիստներ էին, կոմունիստներ:
Եղբայրներից մեկին գնդակահարեց ցարը` կոմունիստական գաղափարախոսության համար:
Մյուսին` դաշնակցականները, նորից կոմունիստական գաղափարախոսության համար:
Հմայակին ու Արամայիսին էլ ոչնչացրին կոմունիստները, կրկին կոմունիստական գաղափարախոսության համար:

«ԲՐԱՈՒՆԻՆԳԸ»...
1936 թ. հունվարի 26:
- Ծննդյանս օրն էր: Հավաքվել էին մեր հարազատները, հայրիկիս ընկեր-բարեկամները: Եկավ նաև Հայաստանի ներքգործժողկոմ հանրահայտ Մուղդուսին: Գրկեց ինձ ու.
- Տղամարդ եղի՛ր, սովորի՛ր ինքդ քեզ պաշտպանել,- և՞... նվիրեց կանացի չքնաղ մի «Բրաունինգ»:
ՈՒրախությունից թռչկոտում էի: Իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր:
12 կամ 14 տարեկան այդ ո՞ր պատանին է, որը չի երազում ատրճանակի մասին:

1936 թ. նոյեմբերի 28:
- Կենտկոմի պլենումն էր: Ամատունին իր ելույթում «ջարդում» էր «թշնամիներին»:
Սովորականի նման մեր տուն եկան Արամայիսի ընկերները` Ազատ Վշտունին, Չարենցը, Վաղարշ Վաղարշյանը:
Նրանք սովորաբար «Պրեֆերանս» էին խաղում:
Բայց այսօր անհանգիստ էին:
Անվերջ կրկնվում էր «Ի՞նչ պատահեց» հարցը:
Հետո բոլորը քայլեցին դեպի Կենտկոմի շենք:
Ինձ էլ հետները տարան:
ժողկոմխորհի նախագահի առաջին տեղակալ Արամայիս Երզնկյանի «Կադիլակը» կանգնած էր մյուսների մեքենաների կողքին: Հանգստացան, թե ամեն ինչ կարգին է, ու ցրվեցին տները:
ՈՒշ էր, Երբ Արամայիսը բանալիով բացեց դուռը: Մի պահ բոլորս էլ հանգստացած շունչ առանք:
Բա՞յց... սարսռեցինք հաջորդ վայրկյանին: Նրա հետ էին Մուղդուսին և Ռուդնիկ ազգանունով մի փոխգնդապետ:
Փակվեցին հայրիկիս աշխատասենյակում ու շա՜տ երկար զրուցեցին: Հետո Մուղդուսին զանգեց Բերիային, չհասկացանք, թե ինչ ասաց նա ու... սկսեցին քրքրել բնակարանը, արձանագրություն կազմել:
- Տանը զենք կա՞,-անսպասելի ճշտեց Մուղդուսին:
Արամայիսը զենք կրելու իրավունք ուներ, բայց տանը ոչինչ չէր պահում: Եվ բնական էր նրա բացասական պատասխանը:
Մուղդուսին մի պահ նայեց բոլորիս, հետո վճռականորեն մտավ իմ սենյակ, գրասեղանի դարակից հանեց «Բրաունինգն» ու
«զարմացած» հարցրեց.
- Իսկ սա՞:-Ապա դարձավ Ռուդնիկին,-արձանագրե՛ք:
Հասկացանք, որ սադրանքը կատարվել էր հենց ծննդյանս օրը՝ հունվարի 26-ին:
Արամայիսին տարան…

«ՎԵ՞ՐՋ»... ՈՒ՞Մ...
-1949 թիվն էր: Նկարել էի իմ առաջին` «Նրանց պետք է խաղաղություն» վավերագրական ֆիլմը: Դպրոցի մասին էր:
Մշակույթի նախարարի` Շահինյանի մոտ հավաքված դիտում էինք կինոնկարը, որը վերջանում էր այսպես.
Ստալինի մասին բանաստեղծությունից հետո ցուցադրվում էր Մոնումենտի նրա արձանը, և ֆիլմն ավարտվում էր: Ընդունված կարգի համաձայն էլ գրված էր՝ «Վերջ»:
Շահինյանը չէր հասցրել իր կարծիքն արտահայտել, երբ մեր
ընկեր-ռեժիսորներից մեկն էկրանի տակից, թե.
- Ընկե՛ր Երզնկյան, էդ ԸՆՉԻ՞Ն վերջ…
Սառեցի: Ի՞նչ պատասխանեմ: Մի բան ասած լինելու համար արձագանքեցի
- Պարզապես... վե՛րջ:
- Չէ՛, ընկեր Երզնկյան, էդ ՈՒ՞Մ «վերջ»...
Բոլորս պապանձվեցինք: Շահինյանը, որ ազնիվ, համարձակ մարդ էր, բարձրաձայն ու խիստ տոնով հայտարարեց.
- Ֆիլմն ընդունված է, շու՜տ... շու՜տ, գնացեք ձեր բանին:
Բոլորը դուրս եկան: Իսկ մենք, վախեցած, կտրեցինք ու վառեցինք այդ չարաբաստիկ «Վերջ»-ը, որն իսկապես կարող էր իմ վերջը դառնալ:
Այդ դեպքից հետո Շահինյանը մի հրաման արձակեց, համաձայն որի գրում էինք` «Ֆիլմի վերջը»:

«ԿԻՆՈՆ Ե՛Վ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՂԲՅՈՒՐ Է, Ե՛Վ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Ե՛Վ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ»
-Ես ո՛չ գերագնահատում, և ո՛չ էլ ուրանում եմ իմ անցյալը: Պարզապես, տարիների հեռվից հիանալի տեսնում եմ այն թերությունները, այն սարսափները, որոնք ամենայն ուժով զգացել եմ մաշկիս վրա:
- Եվ լինելով Տեր-Հարությունի թոռը, Արամայիսի որդին, այնուամենայնիվ, կարողանում եք օբյեկտիվ գնահատական տալ անցյալին:
- Ինչ խոսք:
- Դուք ինձ զարմացրիք: ՈՒրեմն` ի՞նչ ասել նրանց, ովքեր
ըմբոշխնել են իրենց ընձեռված բոլոր արտոնություններն ու
մենաշնորհները, բայց այժմ տարբեր ամբիոններից փորձում են ճնշված ու տառապած ձևանալ: Ինչպե՞ս կորակեք նման վարքագիծը:
- Հրաժարվել ամեն ձեռք բերածից` կոչումներ, դափնիներ, արտոնություններ... որոնցից զրկված են եղել մյուս, գուցե և ավելի տաղանդավոր մարդիկ: Վտանգավոր երևույթ է այդ հրաժարումը:
- Ինչու՞:
- Որովհետև դա անսկիզբ ունայնության ամենաակտիվ դրսևորումն է: Պարզապես ամոթ է հրաժարվել այն ամենից, ինչ ունեցել ես:
Ցանկացած իրավիճակում ճշգրտորեն պետք է կարողանաս տարբերել վատը լավից: Այդ պայմանով միայն կարող ես օբյեկտիվ լինել և՛ ժամանակի, և՛, հատկապես, անձանց նկատմամբ:
- Մարդ ընդամենը զարմանում է, երբ անցյալի բոլոր դափնիները ճանկած մեկը սկսում է դժգոհել, թե խանգարել են իրեն, ճնշել, ճզմել, թե ինքը չի կարողացել օգտագործել իր բոլոր հնարավորությունները:
- Պարզապես պետք է հիշեցնել` նույն այդ ժամանակներում մեծ տառապանքով ու պայքարով, բայց և հաղթություններով
ստեղծագործեց, օրինակ, Սերգեյ Փարաջանովը, չէ՞: Կամ` արարեց Հենրիկ Մալյանը չէ՞: «Եռանկյունուց» հասավ մինչև
«Կտոր մը երկինք»-ին: ՈՒրեմն, ճիշտ է, կար ճնշումը, բայց եթե դիմադրում էիր, ապա անպատճառ հասնում էիր ուզածիղ:
Ի վերջո, այդ նույն տարիներին «Նահապետ» ատեղծվեց, չէ՞:
- Եզրահանգումը` ստեղծագործող անհատը, եթե փորձում է հակազդել դիմադրությանը, ապա կարողանում է իրականացնել իր մտքերն ու ծրագրերը, հոգու թելադրանքը:
- Անշուշտ: Հանուն ճշմարտության էլ նշենք, որ պետական մամլիչը կա ու կլինի բոլոր երկրներում, բոլոր սիստեմներում: Առանց դրա անհնար է: Թող տպավորություն չստեղծվի, որ ես ուզում եմ ժխտել, թե կար վերևների (Մոսկվայի) ճնշումը, ամենևին: Պարզապես ուզում եմ ընդգծել` բոլոր դեպքերում չէ, որ անհնար էր չեզոքացնել այդ դիմադրությունը, կարելի էր, և անում էին շատերը, չէ՞:
- Չմոռանանք նաև պետական պատվերի հանգամանքը:
- Դա էլ եմ համարում բնական, քանի որ ցանկացած գործ ֆինանսավորող, անպատճառ, պիտի թելաղրի իր պահանջները:
Այսօր էլ, ի դեպ, եթե սկսեն ֆինանսավորել ինչ-որ սցենար, ապա չկասկածեք, որ կներկայացնեն և իրենց պահանջները: Այլ կերպ անհնար է:
-Ձեր ասածը` «այսօր ֆինանսավորել որևէ սցենար», ըստ իս, միֆ է: Ինչու՞: Նախ` այսօր ֆինանս ունեցողն արվեստի այդ տեսակի պահանջը չունի: Ով էլ պատրաստ է ֆինանսավորելու այս կամ այն սցենարը, դրա հնարավորությունը չունի: Ասել է` մեր օրերում հայտնի ֆիլմի հանրաճանաչ հերոսի բաժակաճառ-մաղթանքը մնացել է անկատար` ո՛չ մի կերպ չեն համընկնում ցանկություններն ու հնարավորությունները:
Թերևս, որոշիչ է և այն փաստը, որ այսօր հայ կինոն հոգեվարքի մեջ է:
- Ցավոք, այդպիսին է մեր ներկայի իրական դեմքը: Բայց ուզում եմ հավատալ, որ սկսված ու դեռևս շարունակվող ճգնաժամը տևական չի լինելու: Համոզված եմ, որ և՛ հասարակությունը, և՛ կինոգործիչները, և՛ հանրապետության ղեկավարությունը, ի վերջո, կզգան կինոյի անհրաժեշտությունը և ամեն ինչ կանեն հայկական կինոյի հարուստ ավանդույթները վերածնելու համար:
Նախկինը քննադատել, ինչ խոսք, պետք է, բայց ժխտել ու մի կողմ գցել ամեն կատարածը, չի կարելի, որովհետև մենք ստեղծել ենք ազգային յուրօրինակ կինոդպրոց, որն այսօր ճգնաժամ է ապրում: Օգնել է պետք հայկական կինոյին:
-Այսօրվա վիճակը Դուք շատ նուրբ բառով որակեցիք՝ ճգնաժամ: Իսկ շատերն էլ պնդում են, թե մեռավ հայկական կինոն:
-Սու՛տ է... կինոն երբե՛ք չի կարող մեռնել: Ես լավատես եմ՝ հայ կինոն կապրի, կշարունակի իր ավանդույթները, ի հայտ կգա նոր դրսևորումներով, նոր որակներով:
Մենք դեռ կտեսնենք հայ կինոյի վերածնունդը:
Քաղաքակիրթ և ո՛չ մի ժողովուրդ, քաղաքակիրթ և ո՛չ մի երկիր չի կարող գոյատևել առանց կինոյի:
Ֆիլմարտադրությունը սեփական պատմությունն ու արժեքները ներկայացնելու ու նաև աշխարհին ներկայանալու հզոր միջոց է: Որից և անվերապահորեն պետք է օգտվել: Չպետք է խնայել և ո՛չ մի միջոց:
- Բայց նաև չմոռանանք նշել` կինոն այն արվեստն է, որը
պետական հովանավորչություն է պահանջում: Մինչդեռ այսօր...
- Ճիշտ է, դժվարություններ, բարդություններ, շուկայական հարաբերություններ. այդ ամենը կա: Բայց քանի որ կինոն նաև գաղափարախոսության յուրօրինակ ձև է, ապա հավատացած եմ` կգա պահը, երբ մեր ողջ ուշադրությունը կկենտրոնանա նաև այդ գործի վրա:
-Այսօր որքա՞ն է անհրաժեշտ ֆիլմ նկարելու համար:
-Ամենապակասը մեկ միլիարդ դրամ:
- Միլիո՞ն, թե՞ միլիարդ, լավ չընկալեցի:
-Մի՜-լի՜-ա՜րդ: Միլիոնն այսօր փող չէ: Չմոռանանք, որ չի գործում նաև կինովարձույթի կառուցվածքը, ուրեմն, ֆիլմն ինքդ պիտի շուկա հանես, ինչը նույնպես պայմանավորված է հսկայական ծախսերով: Կա խնդրի մյուս կողմը ևս` ֆիլմդ կգնե՞ն, թե՞ ոչ: Հարցե՜ր, խնդիրնե՜ր, պրոբլեմնե՜ր, բայց միևնույն է, ես լավատես եմ:
- Ինչու՞ ոչինչ չեք ասում հովանավորների մասին:
- Մերոնք այդքան էլ հնարավորություններ չունեն: Նաև բարենպաստ պայմաններ պետք է ստեղծվեն մեր տեղացի հովանավորների համար: Օրինակ, ՌԴ-ում, ովքեր արվեստ են հովանավորում, ազատվում են հարկերից: Նման պայմաններում միայն կարող է զարգանալ հովանավորչությունը:
- Աչքաթող չանենք շատ կարևոր մի հանգամանք` կինոն այն արվեստն է, որը հսկայական շահույթներ է բերում տվյալ երկրին, պետությանը:
ԱՄՆ-ը, օրինակ, այնքան չի շահում ավտոմեքենաների ու զենքի վաճառքից, որքան կինոյից:
- Հարցն այն է, որ շուկայական պայմաններում անխուսափելի է դառնում կինոթատրոնների սեփականաշնորհումը: Պարզապես, ԱՊՀ մյուս երկրների օրինակով, պետք է պարտադրել, որպեսզի դրանք ծառայեն իրենց նպատակին:
- Նաև որոշակի տոկոսով, միա՛յն, և միա՛յն հայկական ֆիլմեր ցուցադրեն:
- Անշուշտ: Կինոն և՛ շահույթի աղբյուր է, և՛ քաղաքականություն, և՛ գաղափարախոսություն: Ի վերջո, կինոն հզոր զենք է, որը պետք է ճիշտ օգտագործել:

Զրուցեց և հրապարակման պատրաստեց`
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 41315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ